Կիրակի, 20.09.2020, 01:25
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԲԱՌԱՐԱՆ

Հոգեբանական բառարան
Կոնսոլիդացիա (ամրապնդում) կարճատև - հիշողությունից ինֆորմացիայի անցումն ու ամրապնդումը տևական հիշողության մեջ: Հոգեկան բարդ և հիմնականում ենթագիտակցական գործընթաց է:
Պատկերավոր հիշողություն – հիշողության այն տեսակը, երբ ինֆորմացիայի մտապահումն ու վերարտադրությունը կատարվում են մտապատկերների օգնությամբ: Պատկերավոր հիշողության ենթատեսակներն են` տեսողական, լսողական, հոտառական և այլն:
Խոսքային – տրամաբանական հիշողություն – խոսքի, տրամաբանական դատողությունների միջոցով արտահայտված ինֆորմացիայի մտապահումը և վերարտադրությունը:
Շարժողական հիշողություն – սեփական շարժումների մտապահումն ու վերարտադրությունը:
Հուզական հիշողություն – սեփական հույզերի և զգացմունքների մտապահումն ու վերարտադրությունը:
Զուգորդություն – երկու կամ ավելի երևույթների (մտապատկերների, սիմվոլների, նշանների) կապ: Ասոցիացիա:
Զուգորդություն ըստ նմանության կամ տարբերության – առարկաների մտապատկերների միջև ստեղծվող կապ` ըստ նրանց մեջ նման կամ տարբեր (հակադիր) գծերի առկայության:
Զուգորդություն ըստ առընթերության – երկու կամ ավելի մտապատկերների, սիմվոլների կամ գործողությունների միջև այնպիսի կապ, որն առաջ է գալիս նրանց տարածական կամ ժամանակային առընթերության (այսինքն` իրար կողքի լինելու) հիման վրա:
Զուգորդություն իմաստային – մտապատկերների կամ նշանների այնպիսի կապ, որն առաջ է գալիս մեկ մտքի մեջ նրանց միավորման և այդ մտքի (իմաստի) հասկացման հիման վրա:
Մնեմոնիկա – հուն. մնեմե բառից, որ նշանակում է հիշողություն: Հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ, որն սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:
Ոչ կամածին մտապահում – գիտելիքների և տպավորությունների այնպիսի մտապահում, որը կատարվում է առանց գիտակցման նպատակադրման և կամային ջանքերի:
Կամածին մտապահում – մտապահման այն տեսակը, երբ մարդ իր առաջ գիտակցորեն որևէ նյութ մտապահելու նպատակ է դնում և ջանքեր ու հնարներ է օգտագործում այդ նպատակին հասնելու համար:
Զեյգարնիկի էֆեկտ- կիսատ թողած գործերն ու խնդիրները լավ հիշելու երևույթը `ի տարբերություն ավարտին հասցրած գործերի, որոնք մոռացվում են:
Հիպերմնեզիա - հիշողության, հատկապես վերարտադրության ուժեղացում:
Ռեմինիսցենցիա – հետաձգված վերարտադրության ավելի լրիվ ու հստակ լինելու երևույթը` համեմատած սովորելուց անմիջապես հետո կատարված վերարտադրության հետ:
Էյդետիզմ – այն երևույթը, երբ մտապատկերները նույնքան պայծառ ու մանրամասն են, որքան և ընկալման համապատասխան պատկերները: Երեխաներից շատերն օժտված են էյդետիզմով:
Ինքնագիտակցություն – իր մասին մարդու պատկերացումների և գնահատականների համակարգը: Անվանում են նաև <<Ես>> կամ ես – կոնցեպցիա:
Անձ – մարդու հոգեկան հատկությունների ամբողջությունը, որը համակարգ է կազմում:
Արտակարգ հիշողություն – միջինի համեմատ շատ ավելի արդյունավետ հիշողություն:
Բացարձակ հիշողություն – այնպիսի հիշողություն, որն ունեցող մարդը իր ընկալումներից ոչինչ չի մոռանում:
Հիպնոպեդիա – բնական քնի կամ հիպնոսի վիճակում գիտելիքներ սովորեցնելու փորձարարական մեթոդիկա:
Դրդապատճառ – այն ներքին մղումը, ցանկությունը կամ նպատակի պատկերը, որը մարդուն մղում է ակտիվության:
Ակտիվություն - մարդու գործունյա վիճակը: Տվյալ դեպքում` սովորած գիտելիքները կյանքում ծագած խնդիրների լուծման ընթացքում օգտագործելը, կրկնությունները և այլն:
Մտածողություն – հոգեկան իմացական գործընթաց, ամենից հաճախ` խնդրի լուծման գործընթաց, որի օգնությամբ մենք իմանում ենք երևույթների թաքուն կողմերն ու գոյության օրինաչափությունները:
Միտք – մտածական գործունեության արդյունքը, որը սովորաբար ներկայացված է լինում խոսքի միջոցով` դատողությունների և մտահանգումների ձևով:
Խնդիր – որոշակի նպատակ, որին պետք է հասնել որոշակի պայմաններում: Այդպիսի նպատակ կարող է լինել որևէ անհայտ մեծություն գտնելը, որևէ դրույթ ապացուցելը և այլն:
Վերլուծություն – մտածողության առարկայի պատկերը կամ նրան վերաբերող միտքը մասերի բաժանելը, տրոհելը:
Համադրություն – մտածողության առարկայի առանձին հատկությունների մասին պատկերացումներն ու միտքը մեկ ամբողջական պատկերի մեջ միավորելու գործընթացը:
Համեմատություն – վերլուծության և համադրության միջոցով երկու կամ ավելի թվով առարկաների նման կամ տարբերվող հատկությունների բացահայտումն ու գիտակցումը:
Վերացարկում – մտքով առարկաների առանձին հատկանիշների առանձնացումն ու մյուսները <<մոռանալը>>:
Ընդհանրացում – մի շարք առարկաների մեջ հայտնաբերված հատկության վերագրումը, տարածումը առարկաների (դասի) խմբի վրա:
Լեզու – սիմվոլների (նշանների) համակարգ և դրանք միմյանց կապելու կանոնները:
Խոսք – լեզվի օգտագործման ընթացքը: Խոսքը լինում է ներքին, արտաքին, բանավոր, գրավոր և այլն:
Հասկացություն – միտք, որն արտահայտված է առանձին բառով կամ բառակապակցության միջոցով: 
Մտածողություն առարկայական – մտածողության այն տեսակը, որն ընթանում է առարկաների հետ կոնկրետ գործողություններ կատարելիս:
Մտածողություն պատկերավոր – մտապատկերների վերլուծության և համադրության գործընթացները:
Մտածողություն կոմպլեքսային – մտածական բարդ գործընթաց, որի մեջ կան մտածողության բոլոր երեք հիմնական տեսակները: 
Միտք – մտածական գործընթացի արդյունքը: 
Մտածողության վերլուծական տիպ – այնպիսի մտածական տիպ, որի մեջ գերակշռող գործողությունը մտքի առարկաների վերլուծությունն է: 
Մտածողության համադրական տիպ – մտածողության այն անհատական տիպը, որի մեջ գերակշռողը համադրական գործողությունն է:
Մտքի խորություն – երևույթների էական հատկություններն ու պատճառական կապերը մտքով բացահայտելու ընդունակությունը:
Մտքի ճկունություն – միևնույն խնդիրը լուծելու տարբեր հնարներ գտնելու ընդունակությունը: 
Մտքի հետևողականությունը - սկսած մտավոր գործունեությունը, այդ թվում նաև խնդիրների լուծումը մինչև վերջ հասցնելու ընդունակությունը: 
Վերարտադրական մտածողություն – խնդիրների լուծում արդեն հայտնի եղանակներով` առանց միանգամայն նոր արդյունքների ստացման:
Ստեղծագործական մտածողություն – մտածողության այն տեսակը, որի օգնությամբ միանգամայն նոր արդյունքներ են ստացվում:
Աշխարհի պրոբլեմային ընկալում – իրականության մեջ չլուծված խնդիրներն ու թաքուն օրինաչափությունները նկատելու ընդունակությունը, որը հատուկ է ստեղծագործական օժտվածություն ունեցող մարդկանց:
Ճշմարտություն – այնպիսի միտք, որը համապատասխանում է իրականությանը: 
Երևակայություն – մտապատկերների հետ կատարվող ներհոգեկան այնպիսի գործողություն կամ գործընթաց, որի շնորհիվ ստացվում են նոր մտապատկերներ կամ հայտնի մտապատկերների նոր զուգորդություններ: 
Ֆանտազիա – իրականությունից առանձնապես հեռացած երևակայություն, ինչպես նաև նրա արդյունքները (ֆանտազիաներ):
Ագլյուտինացիա – իրականության մեջ իրար հետ կապ չունեցող առարկաների կամ կենդանիների պատկերների միավորումը և բարդ, հաճախ ֆանտաստիկ պատկերների ստացումը:
Ընդգծում – գեղարվեստական ստեղծագործության հնար, երբ անձի որևէ բնորոշ գիծ նկարում կամ վեպում ներկայացվում են շատ հստակ, առաջին պլան մղված:
Չափազանցում – երևակայության աշխատանքի այն հնարը, որի դեպքում մարդու որևէ բնորոշ գիծ ցույց է տրվում սովորականից ավելի ուժեղ, մեծ և այլն:
Երազանք – ցանկալի ապագայի պատկեր, որը ստեղծվում է առավելապես երևակայության աշխատանքի շնորհիվ:
Անուրջ – երևակայական այնպիսի պատկերի ստեղծումը, որոնց իրականացումը գործնականում անհնարին է:
Մշակույթ – այն ամենը, ինչը երկրի վրա ստեղծվել է մարդկային գործունեության հետևանքով` գործիքներ, տներ, ճարտարապետական կոթողներ, գիտություն, գրականություն և այլն:
Երաժշտական երևակայություն – լսողական մտապատկերների օգնությամբ իրագործվող այն ներհոգեկան գործընթացները, որոնց շնորհիվ երաժշտական գործեր են ստեղծվում:
Խոսքային երևակայություն – երևակայության այն գործընթացները, որոնց <<նյութը>> բառերն են, խոսքը: Դրանց տակ միշտ կան թեկուզ չգիտակցվող տարբեր տեսակի մտապատկերներ:
Ինքնաքննադատություն – սեփական մտքերն ու գործողությունները սխալ համարելը, սեփական հնարավորությունները կասկածի տակ դնելը: 
Ուղեղային գրոհի մեթոդ կամ բրեյնստորմինգ – մտածողության և երևակայության աշխատանքն ակտիվացնող մեթոդներից մեկը:
Ֆունկցիա - հայերեն` գործառնություն, այն դերը, որ տվյալ առարկան կարող է կատարել: Պարզ ասած` այն, ինչ կարելի է անել տվյալ առարկայի օգնությամբ: Օրինակ` գրիչը գրելու համար է, բանալին` կողպեքը բացելու և փակելու, բահը` փորելու և այլն:
Ընդունակություն – որևէ գործունեություն հաջողությամբ կատարելու մարդու ներքին հնարավորությունը: 
Բանականության (ինտելեկտի) թեստ – հատուկ խնդիրների խումբ, որը ներկայացվում է փորձարկվողին` նրա բանականության զարգացման մակարդակը որոշելու նպատակով:
Արտակարգ հաշվիչներ – այն մարդիկ, ովքեր կարողանում են մտքում բարդ հաշվումներ կատարել: Այսպիսի օժտվածության գաղտնիքը մինչև վերջ պարզված չէ:
Փոխհատուցում – որևէ ընդունակության կորուստը կամ բացակայությունը մեկ այլ ընդունակությամբ փոխարինելը:
Նախապաշարմունք – կանխակալ և սխալ կարծիք մարդկանց մասին: Այդպիսի կարծիքները լուրջ ուսումնասիրությունների վրա չեն հենվում և միտումնավոր են:
Հոգեկան տիրույթ – պատկերացում այն մասին, որ մարդու հոգեկան աշխարհը յուրահատուկ տարածական կազմավորում է, տիրույթ, որն ունի իր մի շարք ոլորտները կամ մակարդակները: 
Գիտակցություն – հոգեկանի տիրույթի վերին, բայց անկայուն ոլորտը, որը ծագում է արթնանալու հետ միասին, իսկ քնած ժամանակ անհետանում է:
Գիտակցում – հոգեկան գործընթաց (պրոցես), որի ընթացքում մարդու որոշ հոգեկան երևույթներ (ընկալումներ, հուշեր, մտքեր և այլն) դառնում են գիտակցված, այսինքն` անցնում են գիտակցության ոլորտ:
Ես – մարդկային անձնավորության միջուկը, կենտրոնը, որը յուրաքանչյուրի մեջ ընկալվում է անմիջականորեն:
Ես – կոնցեպցիա – պատկերացումների և գնահատականների համակարգ սեփական անձի ֆիզիկական և հոգեբանական գծերի մասին: 
Ես - պատկեր – ժամանակի յուրաքանչյուր պահի գիտակցական վիճակի մեջ գտնվող մարդու ես- կոնցեպցիայի գիտակցված մասը: Մարդն իր ես- պատկերներն ընկալում է ներհայեցողաբար: 
Անգիտակցական – մարդուն ժառանգականորեն տրված հոգեկան հատկությունների և ապրումների ամբողջությունը, որը չի գիտակցվում: Անգիտակցականը նաև բնածին է: 
Ենթագիտակցություն – հոգեկանի այն ոլորտը, որը ձևավորվում է ծնվելուց հետո, անհատական հոգեկան զարգացման ընթացքում: Ես- կոնցեպցիան (ինքնագիտակցությունը) ևս յուրաքանչյուր պահի հիմնականում ենթագիտակցական է: 
Հիպնոս – հոգեկանի հատուկ վիճակ, որն առաջ է բերվում հատուկ եղանակներով և արտաքնապես նման է քնի: Այդ վիճակում մարդն ունի ակտիվ հոգեկան գործունեություն և հիպնոլոգի պահանջով կարող է բարդ գործողություններ կատարել: 
Լուսնոտություն – քնած ժամանակ վրա հասնող հատուկ վիճակ, որի մեջ հայտնված մարդը, քնած մնալով, բարդ շարժողական գործողություններ է կատարում: Արթնանալուց հետո այդ ամենը մոռանում է: 
Լեթարգիական քուն – արհեստական քնի վիճակ, որը սովորաբար վրա է հասնում հոգեկան ուժեղ ցնցումների հետևանքով: 
Հույզ (էմոցիա) – մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը երևույթների նկատմամբ, դրանց տրվող գնահատականի արտահայտությունը:  
Զգացմունք – կայունացած հուզական վերաբերմունք (դիրքորոշում) որոշակի մարդկանց կամ այլ երևույթների նկատմամբ 
Ապրում - հույզերի և հուզամտածական զուգորդությունների հերթափոխումը ժամանակի ընթացքում:
Գերմոտիվացիա – մարդու գործունեության դրդապատճառների այնպիսի մեծ ուժ, որն արդեն կազմալուծում է այդ գործունեությունը: Այն առաջ է բերում   գերուժեղ հուզական վիճակներ:
Հիմնական հույզեր – դրանք այն հույզերն են, որոնք ժառանգական են, և որոնց զուգորդություններից առաջանում են բազմաթիվ այլ երկրորդային հույզեր:
Երկարժեք (ամբիվալենտ) հույզեր – այնպիսի բարդ հույզեր, որոնք մարդուն միաժամանակ և´ հաճույք են պատճառում, և´ տհաճություն:
Ստենիկ հույզեր – այդպես են անվանում մարդուն ակտիվացնող հույզերը (օրինակ` վախը, հետաքրքրությունը և այլն):
Աստենիկ հույզեր – այն հույզերը, որոնք մարդուն թուլացնում և անգործունյա են դարձնում: 
Բարձրագույն զգացմունքներ – այն զգացմունքները, որոնք առաջանում են մարդու գործունեության բարձրագույն տեսակների` գեղագիտական ընկալումների, բարոյական վարքի, մտավոր և ստեղծագործական աշխատանքի և արդյունավետ աշխատանքային գործունեության ընթացքում: 
Գեղագիտական զգացմունքներ – մարդու այն զգացմունքները, որոնք առաջ են գալիս գեղեցիկն ու տգեղը, ներդաշնակն ու աններդաշնակը ընկալելիս:
Բարոյական զգացմունքներ – զգացմունքներ, որ մենք ունենում ենք մեր և ուրիշների վարքին բարոյական գնահատականներ տալիս:
Իմացական զգացմունքներ – այն զգացմունքները, որ մենք ունենում ենք երևույթներն ըմբռնելու, հասկանալու, կանխատեսելու և ստեղծագործելու ընթացքում: 
Գործնական (պրակտիկ) զգացմունքներ – գործնական աշխատանք կատարելիս, նյութական և հոգևոր արժեքներ ստեղծելիս մարդու ունեցած զգացմունքները:
Զգացում – հուզական բարդ հոգեվիճակ, որի մեջ մտնում են` հույզ, իմացական բաղադրիչներ և կանխատեսում: 
Սեր – զգացում, որի մեջ հիմնականն այն է, որ նրա օբյեկտը մեծ, երբեմն անփոխարինելի արժեք է համարվում: 
Սեր սեռական – երկու սեռերի ներկայացուցիչների միջև առաջ եկող սերը:
Սեր այլասիրական – սեր, որի նպատակը սիրած էակին երջանիկ դարձնելն է:
Սեր եսասիրական – սիրո այն տեսակը, որի դեպքում անհատը մտահոգված է իր երջանկությամբ, նա իր զգացմունքներն ավելի կարևոր է համարում, քան սիրած էակի երջանկությունը:
Խանդ – հատուկ զգացում, որն ազդարարում է մարդուն, որ իր սերը վտանգված է, որ կարող է կորցնել սիրեցյալին: Խանդը պարունակում է սեր, ատելություն և ագրեսիվություն ինչպես սիրած էակի, այնպես էլ հնարավոր մրցակցի նկատմամբ:
Տեղորոշում (հոգեկան ֆունկցիաների) – գլխուղեղում որոշակի հոգեկան ֆունկցիա կառավարող կենտրոնի առկայությունը: Օրինակ` կան հուզական կենտրոններ, հիշողության, խոսքի և այլ տեղամասեր:
Հոգեմարմնային (փսիխոսոմատիկ) կապեր – կապեր, որոնք գոյություն ունեն հոգեկան երևույթների և մարմնում կատարվող ֆիզիոլոգիական գործընթացների միջև: Այդ կապերի մասնավոր տեսակը հույզերի կապն է մարմնային փոփոխությունների հետ:
Խառնվածք – հոգեկան բնածին գծերի մի ամբողջություն, որը բնորոշում է մարդու հոգեկան գործունեությունն իր շարժունության, դինամիկ տեսակետից:
Խառնվածքի բաղադրիչներ – խառնվածքի հոգեբանական համակարգը կազմող հատկություններ` զգայնություն, ռեակտիվություն, ակտիվություն, ինտրովերսիա և այլն:
Խառնվածքի տիպեր – խառնվածքի մեջ մտնող հոգեկան գծերի տարբեր զուգորդություններ: Հիմնական տիպերն են` սանգվինիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ և մելանխոլիկ:
Բնավորություն – հոգեկան գծերի և միտումների համակարգ, որն առաջ է եկել մարդու անհատկան զարգացման ընթացքում և որոշակի ոճ է հաղորդում նրա վարքին:
Բնավորության գիծ – բնավորության որևէ առանձին հատկություն, օրինակ` չարություն, բարություն, ծուլություն, հայրենասիրություն և այլն:
Բնավորության մակերեսային գիծ – բնավորության այնպիսի գիծ, որն անմիջականորեն դրսևորվում է մարդու վարքում և արտահայտիչ շարժումներում:
Բնավորության խորքային գիծ – բնավորության այնպիսի գիծ, որը թաքուն է մնում, այսինքն` մարդու վարքում և արտահայտիչ շարժումներում չի դրսևորվում:
Տիպավորում – հոգեբանական հետազոտության այն գործընթացը, որի միջոցով հոգեբաններն առանձնացնում և դասակարգում են բնավորության տարբեր տիպեր ունեցող մարդկանց: 
Անարդյունավետ տիպ – այն անձնավորությունը, որը ոչ մի օգտակար բան չի ստեղծում հասարակության մեջ, այլ միայն ուրիշների կողմից ստեղծված բարիքների սպառող է: 
Արդյունավետ տիպ – ստեղծագործող տիպի անձնավորություն, որը բարիքներ է ստեղծում, հարստացնում է մարդկանց և հասարակության կյանքը: 
Վարքի ոճ – վարքի կատարման ձևերի, միջոցների և եղանակների անհատական առանձնահատկությունները:
Վերագրում – ուրիշի վարքը դիտելով` նրան բնավորության գծեր, դրդապատճառներ և այլ հոգեբանական հատկություներ վերագրելը: Ատրիբուցիա:
Ֆիզիոգնոմիկա – տեսակետ այն մասին, որ գլխի ձևի ու դիմագծերի և բնավորության միջև գոյություն ունեն կապեր: 
Կամք – բնավորության բարդույթ, որը թույլ է տալիս վճիռներ կայացնել, իրագործել դրանք և հաղթահարել ծագող դժվարությունները:
Բնավորության կամային գծեր – բնավորության այն գծերը, որոնք մտնում են կամքի հոգեբանական բարդույթի մեջ: Դրանցից են` վճռականությունը, համառությունը, տոկունությունը և այլն:
Համարձակություն անհատական – հնարավոր անհաջողությունից չվախենալն ու վտանգին դեմ-դիմաց գնալը:
Համարձակություն խմբային - նույնը` խմբի մակարդակում:
Սոցիալական խումբ – մարդկանց խումբ, որը կազմված է երկու կամ ավելի անդամներից:
Առաջնորդ (լիդեր) ոչ պաշտոնական – խմբի կազմում ինքնաբերաբար առաջ մղված առաջնորդ: 
Առաջնորդ (լիդեր) պաշտոնական – վերադաս ղեկավարի կողմից տվյալ խմբում պաշտոնապես նշանակված առաջնորդ:
Սոցիալական նորմ – կանոն, որը ստեղծվել է մարդկանց վարքն ու հարաբերությունները կարգավորելու համար: 
Զիջողականություն – նորմերի մի մասն ընդունելը և ըստ դրանց պահանջների գործելը: 
Կոնֆորիզմ – Հեղինակավոր անձի կամ խմբի հետ համաձայնվելը` հաճախ սեփական համոզմունքներին հակառակ:
Ավտորիտարիզմ – առաջնորդի աշխատանքի այն ոճը, որի դեպքում նա շատ խիստ է իր ենթակաների հետ, բայց հեշտ ենթարկվող` վերադասի հետ ունեցած հարաբերություններում, սիրում է պատժել, անհանդուրժող է: 
Դեմոկրատիզմ – կառավարման ոճ, որին հատուկ է մարդասիրությունը, ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքը, մտքի ճկունությունը և այլ դրական հատկություններ:
 
Հանդուրժողականություն զգայական – զգայարանների վրա ազդող գրգռիչների նկատմամբ հանդուրժողականությունը, օրինակ` աղմուկի նկատմամբ: 
Հանդուրժողականություն սոցիալ-հոգեբանական – հանդուրժողականություն ուրիշի անձի և հայացքների նկատմամբ: 
Անհանդուրժողականություն – ուրիշի տեսակետների, խառնվածքի ու բնավորության գծերի նկատմամբ բացասական, անհանդուրժող վերաբերմունքը: Հաճախ զուգորդվում է բռնությամբ ուրիշին փոխելու հետ:
Սոցիալական ընկալում – այլ մարդկանց, խմբերի և ընդհանրապես սոցիալական երևույթների ընկալումը` ի տարբերություն անշունչ առարկաների ընկալման: 
Կարծրատիպ /Ստերեոտիպ/ – կարծր, պինդ և տիպ բառերից: Սոցիալական հոգեբանության մեջ` պարզեցված և կարծրացած պատկերացում և գնահատական մարդկանց, խմբերի և ազգերի մասին:
Վերագրում – ուրիշի վարքը բացատրելիս նրա մեջ այնպիսի հատկություններ, զգացմունքներ և դրդապատճառներ տեսնելը, որոնք իրականում չկան:
Կատեգորիա: ԲԱՌԱՐԱՆ | Ավելացրեց: go (23.08.2013)
Դիտումներ: 3494 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020