Կիրակի, 20.09.2020, 01:11
Ողջույն Հյուր | RSS

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ

Բաժնի անվանակարգերը
Հոգեբանական [5]
Այս բաժնում դուք կարող եք գտնել օգտակար հոդվածներ անձի զարգացման թեմաներով:
Մանկավարժական [15]
Այս բաժնում դուք կարող եք ծանոթանալ տարբեր տարիքային խմբերի զարգացման կազմակերպման առումով օգտակար մանկավարժական թեմաներ
Դիդակտիկական [0]
Այստեղ դուք կարող եք գտնել ուսումնական օգտակար նյութեր և հղումներ:
Թրեյնինգներ [2]
Այս բաժնում կարող եք ծանոթանալ թրեյնինգների թեմաներին
ԲԱՌԱՐԱՆ [1]
Այս բաժնում դուք կարող եք զարգացնել Ձեր հոգեբանական, մանկավրժական և սոցիալական գիտելիքների իմացությունը, տիրապետել հասկացույթունների իմաստին
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 73
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Հոդվածների ընտրություն

Գլխավոր էջ » Հոդվածներ » Հոգեբանական

Ինչ է ուշադրությունը

Ինչ վերաբերում է գիտակցված կամ ընտրովի ուշադրությանը, ապա կարող ենք ասել, որ ուշադրությունը որոշակի օբյեկտ կամ երևույթի վրա մտավոր ջանքերի կենտրոնացումն է: Սակայն հանդիպում ենք նաև ցրված կամ բաժանված ուշադրության, երբ անձը ընկալում է տեղեկատվությունը, առանց կենտրոնանալու դրա վրա:
Հոտազոտողները գտնում են, որ մարդկային ուղեղում գոյություն ունեն որոշակի կառույց­ներ, որոնք անմիջական կապ ունեն ուշադրության հետ: Դրանք համեմատաբար ավելի ինքնուրույն են և ապահովում են մյուս ճանաչողական գործընթացների գործառությունները` ընկալում, հիշողություն, մտածողություն:

Որպես հոգեբանական երևույթ` այն մշտապես դիտարկվում է մարդու տարբեր հոգեբանական վիճակների համակարգում: Օրինակ, եթե մարդը մտազբաղ է, ապա այս հոգեվիճակում նա փորձում է մտաբերել, հիշել ինչ-որ երևույթներ, համեմատել, վերացարկել, վերլուծել դրանք, կատարել եզրահանգումներ և այլն: Ուշադրությունը այս պարագայում կենտրոնացնում է նրա հիշողությունը և բերում արտաքին միջավայրից որոշակիորեն կտրվելու վիճակի:

Ուշադրության գործառույթը կարող է համեմատվել հատուկ ֆիլտրի աշխատանքի հետ, որը բոլոր զգայարաններին հաղորդված տեղեկություններից ընտրում է դրանց համար մատչելի համապատասխան տեղեկատվությունը: Հաղորդվող գրգռիչները են­թարկ­վում են ֆիզիկական և այլ տեսակի վերլուծության: Ինֆորմացիայի մշակման կարողությունները մեծ չեն, և իմացական գործընթացները, որոնք պատասխանատու են գրգռիչների ընտրության համար, դրանք ընտրում են ըստ կարևորության, ուժգնության կամ արտահայտվածության մակարդակների:

Ենթադրենք աշակերտը նստած է դասարանում և գրավոր աշխատանք է կատարում: Տի­րում է հարաբերական լռություն, աշակերտները քիչ թե շատ տարված են իրենց զբաղ­մունքով: Նրանք կարծես չեն լսում փողոցի աղմուկը, ավտոմեքենաների ձայները: Բայց հանկարծ ինչ-որ մեկը ձեռքից գցում է գրիչը: Բնականաբար փոքրիկ աղմուկը անմի­ջապես գրավում է բոլորի ուշադրությունը: Սա պայմանավորված է գրգռիչների ազդե­ցության ուժով, պայծառությամբ և այլն:

Ընդունված է տարբերել ուշադրության երկու տեսակ՝ ոչ կամածին (ակամա) և կա­մա­ծին (կամային): Ակամա (կամ պասիվ) ուշադրությունը առաջանում և պահպանվում ան­կախ անձի մտադրություններից և ցանկություններից: Այն արդյունք է անձի անմիջական հետաքրքրությունների և կապված է միջավայրի կամ մարդու ֆիզիկական Ես-ի փոփո­խությունների հետ (օրինակ, ցավի զգացողությունը): Կամային ուշադրությունը գիտակ­ցության կողմից կառավարվող և ուղղվածություն ունեցող ուշադրությունն է: Այն դրսև­որ­վում է նպատակասլաց գործունեությամբ որոշակի ուղղվածությամբ և պայմանավորվում է անձի հոգեբանական մղումներով:

Ուշադրության ուղղվածությունը գիտակցությունում կոնկրետ օբյեկտների և երևույթ­ների պատ­կերների տևական պահպանման ունակությունն է:

Հոգեկան գործունեության ուղղվածությունը կարող է կրել ոչ կամածին բնույթ, երբ մեր առջև գիտակցորեն ուշադիր լինելու խնդիր չենք դնում: Այս դեպքում գործունեությունը ինքն է տիրա­պետում մարդուն` գրավչության, հետաքրքրության, անսպասելիության շնորհիվ: Սակայն ուղղ­վա­ծությունն ու կենտրոնացվածությւոնը կարող են կամածին բնույթ կրել, երբ մենք գիտակ­ցելով, որ անհրաժեշտ է կատարել այս կամ այն գործողությունը, ձեռնարկում ենք այն ինքներս, դրված նպատակի և որոշման հիման վրա:

Դպրոցականն օրինակ սկսում է դասը պատրաստել գիտակցաբար, կամածին իր առջև խնդիր դնելով:

Ուշադրության գրավման և պահպանման պատճառ կարող են լինել զգացմունքները, որոնք առաջանում են ընկալման օբյեկտի կամ գործողության նկատմամբ: Երբ մատուց­վող նյութը ուսուցման գործընթացում առաջացնում է բազմապիսի հերթագայող զգաց­մունք­ներ, այն ավելի լավ է պահպանվում երեխայի հիշողության մեջ: Ուշա­դրու­թյունը բնութա­գրվում է հինգ հիմ­նա­կան հատկանիշներով` կայունություն, կենտրոնաց­վա­ծու­թյուն, տեղափոխելիություն, բաշխում, ծավալ:

Ուշադրության կայունությունը որևէ գործունեության վրա տևական կենտրոնացման ունակությունն է, որը բավարար է արդյունքի հասնելու համար: Ուշադրության կայու­նությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդը կարողանում է երկար ժամանակ պահ­պանել ուշադրությունը որևէ օբյեկտի վրա, չշեղվելով և չթուլաց­նե­լով այն:

Պետք է համաձայնենք, որ մեր ուշադրութունը չափազանց դինամիկ է շարժուն, այդ է պատճառը, որ անշարժ օբյեկտի կամ առարկայի վրա երկար կենտրոնացված պահելը շատ անգամ լինում է անհնարին: Այլ խնդիր է մեզ հետաքրքրող շարժվող օբյեկտի (գործո­ղության) նկատմամբ ուշադրության կայունությունը:

Հետազոտությունները փաստել են, որ ուսումնական գործընթացում ուշադրությունը կարող է ավելի երկար կայուն մնալ, եթե աշխատանքը հետաքրքիր է, այլ ոչ դժվար:

Ուշադրության կայունությունը կապված է նաև մարդու հոգեֆիզիոլոգիական առանձ­նա­հատկությունների հետ: Առողջական խնդիրներ, թույլ ներվային համակարգ ունեցող, հետա­քրքրություն և տրամադրվածություն չունեցող մարդկանց համար դժվար է երկար պահպանել ուշադրությունը կամ կենտրոնանալ: Դրան կարող են խանգարել բազմաթիվ շեղող առարկաներ և երևույթներ:

Ցրվածությունը ուշադրության բացակայությունն է: Հաճախ աշխատանքի մեջ խորա­սուզվածության դեպքերը նույնպես անվանում ենք ցրվածություն, երբ անձը զբաղված լինելով իրեն հետաքրքրող զբաղմունքով կտրվում է արտաքին աշխարհից: Ցրվածությունը առկա է նաև այն դեպքում, երբ մարդը ոչ մի բանի վրա չի կարողանում կենտրոնանալ, նրա միտքը անըն­դ­հատ վազում է մի առարկայից` մյուսը, մի գործողությունից` մյուսը: Նման դեպքերում կամային որակների ձևավորումը խիստ կարևոր ու հրատապ է դառնում:

Ի հակադրություն ցրվածության ուշադրության մյուս կարևոր հատկանիշը  կենտրո­նացումն է: Կենտրոնացումը երկրորդական, խանգարող հանգամանքներից շեղվելու ունա­կու­թյունն է: Այն դրսևորվում է, երբ մարդը կարողանում է հավաքել և կեն­տ­րո­նացնել ուշադրությունը որոշ օբյեկտների վրա և դրանք բաժանել մյուսներից:

Լարվածությունը կենտրոնացման քանակական բնութագիրն է: Այն ենթադրում է արդյունավետ կենտրոնացում խանգարող կամ շեղող հանգամանքների առկայության պայմաններում:

Կլանվածությունը որևէ գործունեությամբ տարվածության սուբյեկտիվ վերապրվող վիճակն է, կապված ուշադրության լարվածության հետ:

Ուշադրության տեղափոխելիությունը մեկ գործողությունից մյուսին արագ անցնելու ընդունակությունն է: Դրան ստիպված ենք դիմել, երբ միաժամանակ ընկալում ենք գործող տա­րասեռ գրգռիչներ, որոք միաժամանակ ընկալելն անհնարին է: Տեղափոխելիությունը չի կարելի շփո­թել շեղվելու հետ: Վերջինս անկայունության հետևանք է: Տեղաափոխելիությունը բնութա­գրվում է այն արագությամբ, որով մարդիկ կարողանում են ուշադրությունը կամովի կամ ոչ կամովի տեղափոխել մի առարկայից մյուսը: Հաճախ տեղափոխելիության արգելակումը օրգա­նիզմի, նյարդային համակարգի պաշտպանիչ գործառույթ է կատարում, հնարավորություն տալով ընկալիչներին հանգստանալու:

Վերը նշված երեք բնութագրիչները սերտորեն կապված են նյարդային համակարգի որոշ հատկանիշների հետ` անկայունության, գրգռվածության, արգելակման: Դրանց որակից է անմիջականորեն կախված ուշադրության որակը, հատկապես ոչ կամածին ուշադրության, որը պայմանավորված է անձի բնական հատկանիշներով:

Մյուս կարևոր հատկանիշը ուշադրության բաշումն է, որը հոգեկան գործողությունների այնպիսի բաշխումն է որի դեպքում միաժամանակ (բայց ոչ միշտ զուգահեռաբար) կատարվում են երկու կամ ավելի գործողություններ: Բաշխումը նույնպես կապված է մարդու հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակի հետ: Հոգնածության դեպքում բարդ գործողությունների իրականացումը հաճախ դառնում է անհնարին, դրա բաշխման տարածությունը նեղանում է, պահանջվում է ավելի մեծ կենտրոնացվածություն, ուժերի լարում:

Ուշադրության ծավալը բնորոշվում է բարձր կենտրոնացված վիճակում միաժամանակ որոշակի քանակի տեղեկություն պահպանելու կարողությամբ: Ուշադրության միջին ծավալը 5-7 միավորն է: Քանի որ այն կապված է կարճ ժամանակահատվածում հիշողության կողմից պահ­պանված միավոր տարրերի քանակով, ապա այս հատկանիշը դիտվում է հիշողության բնու­թագրիչների շարքում:

Ուշադրության զարգացումը. Ն/դ տարիքի սկզբում այն արտահայտում է երեխայի հետաքրքրությունը շրջապատող առարկաների և նրանց հետ կատարվող գործողությունների նկատմամբ: Երեխան կենտրոնացած է այնքան ժամանակ, քանի դեռ հետաքրքրված է: Նոր առարկայի ի հայտ գալով ուշադրությունն անմիջապես տեղափոխվում է դեպի այն, այդ իսկ պատճառով էլ երեխաները հազվադեպ են երկար ժամանակ միևնույն գործով զբաղվում:

  Ն/դ տարիքի ընթքցքում, կապված երեխայի գործունեության բարդացման և ընդհանուր մտավոր զարգացման հետ, ուշադրության զարգացումը ձեռք է բերում առավել կենտրո­նացվածություն և կայունություն: Այս տարիքում երեխաները սկսում են կառավարել իրենց  ուշադրությունը, գիտակցված այն ուղղել և պահել առարկաների, երևույթների վրա: Քանի որ գիտակցված ուշադրության զարգացման պայմանները երեխայի անձից դուրս են, սա նշա­նակում է, որ ոչ կամածին ուշադրության ինքն իրեն զարգացումը չի հանգեցնում կամածին ուշադրության ձևավորմանը: Վերջինս զարգանում է շնորհիվ այն հանգամանքի, որ մեծերը երեխաներին ընդգրկում են գործունեության նոր ոլորտներ և որոշակի միջոցների շնորհիվ ուղղում և կազմակերպում են նրա ուշադրությունը: Ուշադրության կազմակերպման ունիվերսալ միջոցը խոսքն է: Սկզբում մեծերը երեխաների ուշադրությունը կենտրոնացնում են խոսքային ցուցումների միջոցով: Ավելի ուշ երեխան սկսում է անձամբ բառերով անվանել այն առարկաներն ու երևույթները, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Խոսքի պլանավորող գործառույթի զարգացմանը զուգահեռ, երեխան ձեռք է բերում առաջիկա կատարելիք գործողության վրա նախապես սեփական ուշադրությունը կենտրոնացնելու կարողություն, բառացի ձևակերպում այն, ինչի վրա պետք է նա կենտրոնանա:

 Ն/դ տարիքում սեփական ուշադրության կազմակերպման գործում խոսքի կիրառման դերը կտրուկ մեծանում է: Ավագ ն/դ-ը մեծի ցուցումով հանձնարարությունը կատարելիս 10-20 անգամ ավելի շատ է կրկնում, քան կրտսեր ն/դ-ն: Այսպիսով կամածին ուշադրությունը ն/դ տարիքում ձևավորվում է երեխայի վարքի կարգավորման գործում խոսքի դերի ընդհանուր մեծացման հետ զուգընթաց:

  Չնայած 4-6 տարեկան երեխաները սկսում են տիրապետել կամային ուշադրությանը, սակայն ոչ կամածին ուշադրությունը մնում է գերիշխող ողջ ն/դ տարիքում: Երեխայի համար դժվար է կենտրոնանալ միօրինակ և քիչ գրավող գործունեության վրա, մինչդեռ խաղային գործընթացը կամ հուզականորեն երանգավորված արդյունավետ խնդրի լուծման վրա երեխաները կարող են բավականին երկար պահել իրենց ուշադրությունը:

Կրտսեր դպրոցական տարիքում առանց ուշադրության զարգացման  բավականաչափ գնահատման ուսումնական գործընթացն անհնար է: Դասի ընթացքում ու­սուցիչը երեխայի ուշա­դրությունը հրավիրում է ուսումնական նյութի վրա, տևականո­րեն պահում, տեղափոխում աշխատանքի մի ձևից մյուսին: Նախադպրոցականի հետ համեմատած, կրտսեր դպրո­ցա­կաններն ավելի ուշադիր են: Նրանք արդեն կարողանում են կենտրոնացնել իրենց ուշադրու­թյունը ոչ այնքան հետաքրքիր առարկաների և գոր­ծո­ղությունների վրա, բայց նրանց մոտ այնուամենայնիվ դեռ գերակշռում է ոչ կամային ուշա­դրությունը: Նրանց համար արտաքին տպավորություններն ուժեղ, շեղող գործոններ են: Նրանց դժվար է կենտրոնանալ անհաս­կանալի, բարդ նյութի վրա:

Այս տարիքում ուշադրությունն աչ­քի է ընկնում ոչ մեծ ծավալով: Կրտսեր դպրոցականը միևնույն աշխատանքի վրա կեն­տ­րոնացնում է իր ուշադրությունը 10-20ր., միջին դպրոցականը` 40-45ր., ավագ դպ­րո­ցականը` 45-50ր.: Նրանք դժվարանում են տեղափոխել և տեղաբաշխել ուշադրությունը մեկ խնդրից մյուսին:

Ուսումնական գործունեության ընթացքում սկսում է ինտենսիվ զարգանալ երեխայի կա­մային ուշադրությունը: Սկզբում հետևելով ուսուցչի ցուցումներին, աշխատելով նրա մշտական հսկողության տակ, երեխան աստիճանաբար ձեռք է բերում խնդիրն ինքնու­րույն կատարելու ունակություն, ինքն է նպատակ դնում և վերահսկում իր գործողութ­յուն­ները: Իր գործունեության նկատմամբ վերահսկումը հենց աշակերտի կամային ուշա­դրության դրսևորումն է: Ուշա­դրու­թյան տեղափոխելիության առումով կրտսեր դպրոցականներն ունեն որոշակի տար­բե­­րութ­յուն­ներ: Ոմանք ունեն վատ տեղափոխվող ուշադրություն: Նրանք բավականին երկար և ջանասիրաբար են լուծում խնդիրը, բայց մյուսին անցնելիս դժվարանում են: Մյուսները հեշտությամբ ընդգրկվում են ուսումնական գործընթացի մեջ, բայց հեշտութ­յամբ շեղվում են կողմնակի պահերի վրա: Երրորդների մոտ լավ կազմակերպված ուշա­դըրությունը զուգակցվում է նրա փոքր ծավալի հետ: Հանդիպում են անուշադիր աշա­կերտ­ներ, որոնք իրենց ուշա­դրությունը կենտրոնացնում են ոչ թե ուսումնական խնդրի վրա, այլ ուսումնական նյութի հետ կապ չունեցող նյութերի վրա: Նման երեխաները տեք­ս­­տին նայելիս չեն տեսնում կոնկրետ վարժությունները, այլ նպատակաուղղված հետա­զո­տում են այդ օրվա դասի հետ կապ ունեցող տեքստը կամ նկարները: Նրանց ուշա­դրութ­յունը բավականին զարգացած է, բայց ուսումնական նյութի վրա չկենտրոնա­նալու պատճառով նրանք թողնում են ցրվածի տպավորություն:

Կատեգորիա: Հոգեբանական | Ավելացրեց: go (23.08.2013)
Դիտումներ: 2299 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մուտքի ձև
Որոնել

Copyright MyCorp © 2020